«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Նիկոլ Փաշինյանի ու «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի հակասություններն արդեն հաղթահարված են: «Եթե մենք դիտարկենք վերջին ամիսների պատմությունը, կարող ենք ասել, որ այն ամենը, ինչը եղել է, դրա հիմքում ու խորքում եղել է համագործակցության հնարավորությունների փնտրտուքը: Մենք բարձրաձայնել ենք մեր մտահոգությունները և ունենք իրավիճակ, որ այդ տարաձայնությունները, գլոբալ առումով, հաղթահարված են»,- լրագրողների հետ զրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով՝ այդ ամենը հաղթահարելու ավելի երկար ճանապարհ են բռնել և այսօրվա եռակողմ հուշագիրը տալիս է հիմք, որ այդ հակասությունները հաղթահարված են:
«Քաղաքական փաստաթղթերը արժե, որ ավելի ուշադիր դիտարկվեն, դրանք ենթատեքստեր ունեն և այսօր ունենք այն, ինչ ունենք և սրա վրա են հիմնվելու մեր հետագա հարաբերությունները»,- հավելեց ԱԺ պատգամավորը: Էդմոն Մարուքյանն էլ շեշտեց, թե ժամանակին եղած քննադատություններն ու քննարկումները եղել են նույն տեսլականն ունեցող մարդկանց միավորման ու ընդհանուր մոտեցում գտնելու ճանապարհին:
«Մեզ ոչ թե քննադատում էին նրա համար, որ մենք անհաշտ էինք, այլ քննադատում էին, որ չենք միանա: Մենք, վեր կանգնելով ամեն ինչից, սկսում ենք շատ կարևոր միասնական ճանապարհ, քանի որ հանրային պահանջ կար ընդդիմադիր դաշտի միավորման»,- հավելեց նա: